понедельник, 15 декабря 2008 г.

***

Գայլերը նայում էին լուսնին
ու ոռնում սեռի տենչանքը…

Անտառապահը քնած էր:

Ես հանկարծ պարզորոշ զգացի,
որ կանգնած եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում:
Սոցիումից վտարված գա’յլ, արի’,
ես քեզ սպասում եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում`
կես շիշ աբսենթով
ու հաղորդության նշխարհով…
Արի’…

Ես փաթաթվել եմ խոնավ անտառին,
անտառը սեղմում է իրանս,
անտառը դողերոցքի մեջ է…
(Նոյեմբերին քեզնից թաց հողի հոտ էր գալիս…
Նոյեմբերը վերջացավ…)

Հետաշնանային ցավը
ճկույթով շոյում է ձախ ականջս,
մտնում ներս,
խաղում գլխուղեղիս աջ կիսագնդի հետ,
քներակներս ձգում գիշերվա լայնքով մեկ,
մատին փաթաթում նյարդաթելերս…
Ցավը թռվռում է գախթունիս վրա,
ստուգում է ամրությունը,
ինչ-որ մեկի ատամի տակ խռխռթում է
զգայությունս…
Նյարդաթելերը պրկվում են…
(Ինչ փափուկ է մահը կեչիների վրա…)

Գայլերը վազում էին արևի առջևից…
Տենդը գեղեցիկ էր…
Ցավը կորած սեռից էր…
Հաղորդությունից հետո
ես վառեցի անտառը.
անտառը անսեռ էր…

вторник, 2 декабря 2008 г.

***

Եթե հոգեկան քաղցս երկար շարունակվի,
ես մի օր կուտեմ գլուխս,
հետո գլխիս կտամ,
գլխիս կտաս,
գլուխս կտանք…
Գլուխ գլխի կտանք,
պիտի լինի, որ տանք…

Գլուխ պահելն ավելորդ ճոխություն է…
դեռ էն գլխից…
Գլխացավ:
Գլուխջարդոցի:

Կնոջը գանգոսկրից չստեղծեց…
Ուղղակի գլուխ չդրեց.
չկար, որ դներ…

Գլխից ներքև քաոս է,
գլխից վերև քաոս է,
քաոսը սև է
(սևը ձգտում է դեղինի),
քաոսում ապրում են բվեճները`
հյուծված,
թոքախտավոր,
երջանիկ,
գիժ,
ծուռ
ու թաց:
Գլուխդ առ ու փախիր,
տուր պատին,
քացով խփիր,
կամրջից նետիր,
կթռնի…
(Փորձս թույլ է տալիս
ամենայն պատասխանատվությամբ
հայտարարել` կթռնի:
Քանի՞ գլխանի է, որ չթռնի: )

Մահվան հայցը մեկն է.
նա գլխագին է պահանջում:
Ես դատարանում հռհռում եմ,
թավալվում գետնին,
հիստերիկ ծիծաղից գալարվում,
վազում առաստաղով մեկ,
կախվում դատավորի ականջներից,
մուրճն իջեցնում գլխին,
թռցնում օդ, բռնում,...
Հեհեեե~, մահը գլխագին է պահանջում,
մահը մոռացել է`
ես գլուխ չունեմ:

Վերջերս կյանքը թեթև եմ տանում …

Վիզս կլանում է զգլխիչ գարունը,
գարնանը 97%-ով մեծանում էշարունակվելու վտանգը.
թու-թու-թու…

Գլուխս գնաց…
Գնաց, գնաց, գնաց, …
Տա՞թ …
Տու-տու-տու…
18-Ի ՀԱՅՏ

Չափահասությունից ձկան հոտ եմ առնում.
խեր լինի…
…Պարզապես
դու այն միանամյա օտագործման մուսաներից չես,
որոնք սովորաբար լցնում են
պոետ աղջիկների հանելուկային մեծ պայուսակները:
(Առեղծվածը կորա՞վ: )

Շաքարեղեգներ` կախված երկնքից:
Կյանքին կյանքով խաբելու ցինիկ հաճույք:
Անվերահսկելի ինդոադապտացիա:
Միջօրե:
Քո հերթական հազից հետոթոքերս չորացան նախանձից.
թվաց` քեզ մոտ միշտ պոետական ցրտեր են:
Հետո իմացա` ընդամենը տաղանդավոր ֆարինգիտ էր:
(Թոքերի խոնավեցում` ջրափոսում: )
Մի վախեցիր. մինչև գլոբալ տաքացումը մեր կողմերը հասնի`
կհասցնենք մի քանի հատոր էլ գրել…
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը,
դոլլարի տատանումները սրա-նրա նկատմամբ,
նավթի գնի իջեցումը ճնշմանդ համեմատ,
ու ամերիկաիրաքյան հակամարտությունը լուծելուց հետո
արի տուն,
հանվիր,
մտիր թեյիս բաժակի մեջ…
STOP!
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
արևը միանգամից կուլ տալը վնասակար է առողջությանը:
(Թեյախմության արվեստը
ուղիղ համեմատական է շաքարի գնին…)
Չշեղվենք:
Համաձայն վերջին կենսավիճակագրական տվյալների`
մոլորակի տեղաբնիկների մոտ
միանգամյա օգտագործման իրերի պահանջարկն
աճում է հակակենսաբանական արագությամբ:
Հանգիստ կաց.
ես նախընտրում եմ շարունակելիությունը`
5 երեխա/70 տարում արագությամբ: