четверг, 18 февраля 2010 г.

***
Մի օր եկավ, գրկեց ու ասաց.
-Գնում եմ Տիբեթ:
.
.
.
Մի օր հետ եկավ, ականջը դրեց մարմնիս ու ասաց.-
Էս ի՞նչ աղմուկ է:

Յոգայի պարապմունքը սկսվում էր 7-ին,
իսկ էն ընկերս հաճախ էր երգում.
ՙՔնից թանկ բան չկա կյանքում…՚ …
Այսպես են լկստվում ուրվականները,
որ սովորաբար արթնանում են ուշ,
չեն նախաճաշում,
մի քանի ժամ թափառում սենյակում,
մի երկու տող գրում,
մի երկու հատ ծխում,
դառը սուրճ մի կում…
Յոգան էսօր էլ մնաց…

Աչքերս տրորելով ես կարդում եմ Կաֆկա,
ես տարվում եմ մետամորֆոզներով,
նա ինձ նվիրում է ճապոնական պոեզիա,
նա ինձ հրավիրում է թեյի,
նրա տնից բուդդիստական զրդուզիբիլի հոտ է գալիս
(ես խենթանում եմ էդ հոտից),
ես ցնցուղի տակ բացահայտում եմ, որ կան չմաքրվող մեղքեր,
նա ցնցուղի տակ մտածում է ինքնամաքրման մասին,
ես գոլորշու մեջ երգում եմ էթնոցենտրիկ մի երգ
ու հայելու վրա Արարատ նկարում,
նա մտքով հասնում է Սիդե-նո յամա`
մեդիտացիայի,
ես սովորում եմ աբսուրդի լոգիկան,
նա համոզում է լոգիկայից դուրս ապրել
ու առհասարակ` ապրել…
Նա պնդում է, որ ավելորդ գիտելիքներ էլ կան,
ես շնչահեղձ եմ լինում ինֆորմացիայից,
նա որտեղ գտնում` սպանում է իրեն,
ես ինձ շաղ եմ տալիս պապիս բոստանում
ու թաքուն, շատ թաքուն գարնանը ջրում…
Աչքերս տրորելով ես կարդում եմ Կաֆկա,
նա առաջարկում է`
եթե վերափոխվել, ապա Ոչնչի…

Լավ, համոզեցիր:
Գիշերը,
երբ բոլոր գոյաձև մարմինները դառնում են անդեմ զանգված,
ես նախաարարչական քաոսի մեջ գտնում եմ ականջս,
զգուշորեն մոտեցնում մարմնիս…
Ես խլանում եմ աղմուկից,
ներսից խեղդում է ամբոխը,
ու ինձ հրմշտելով`
գլխապատառ վազում եմ քո տուն`
թեյ խմելու…
***
Էլի Երկինք
(Պերճի պատճառով կամ շնորհիվ…)

Տե’ր, փախչելու տեղ չկա…

(Ամեն անգամ,
երբ անստվեր հանգուցյալներս բռնում են ոտքերիցս
ու քաշում դեպի մերձիմահ հարթություններ,
ամեն անգամ,
երբ ստորգետնյա մոլուցքներս աչքով են տալիս,
ամեն անգամ`
լիբիդոներիս բավարարման եզրակետին,
Կյանքը
հևալով,
ուժասպառ,
շնչակտուր տեղ է հասնում,
քաշում ականջներս,
հայրական ապտակ տալիս,
բռնում մազերիցս,
բարձրացնում վեր,
պտտում,
պտտում
ու էլի շպրտում… Երկինք:
Աստված շփոթմունքից կուլ է տալիս լեզուն.
-Էլի դու?:
Ու մենք մինչ լուսաբաց ջազ ենք լսում,
ժպտում,
լացում,
գոռում,
լռում,
խեղդվում ջազի մեջ,
խեղդում ջազի մեջ…
-Տե’ր, գժվելը հետո. էս անգամ գործով եմ եկել):

-Ծիտ-թռչուն միջակայքում ես արդեն փորձել եմ
դրսևորման բոլոր հնարավոր ձևերը.
նոր հարթություններ վստահիր ինձ, Տե’ր,
թույլ տուր խաղալ Քեզ հետ,
ու անմեղորեն հաղթել…
(Դու էլ ես փոքր եղել, չէ?) :
Օգնիր ինձ հաղթահարել Քեզ,
կորցրու Քեզ իմ մեջ,
թուլացիր,
հանձնվիր
ու Քո կործանումը կլինի Քո ազատագրումը…
Թույլ տուր դարձյալ ծնել Քեզ իմ մեջ`
իմ կերպարով ու իմ նմանությամբ…
Ու մի ամաչիր Քո մերկությունից.
ես էլ եմ մերկ ծնվել:

Հետ եմ եկել, Տե’ր:
Հա, փախչելու տեղ չկա…
***
Օ~ Լի Պո…

Մուսայի փնտրտուքը
տանում է շոշափելիի ամենաբարձր կետը,
ցուցամատով ուրվագծում հեռուն,
աչքով տալիս
ու ծիծաղում քթի տակ:
Հեռուն` տաք, մերկ ու ցանկալի…

Ափերս քոր են գալիս բառի մոլուցքից;
Ես եղունգներով քերում եմ պատը`
ձեր իմացած պատերից ամենահաստը,
հետո կրծում եղունգներս,
մատներս,
մարմինս,
հոգիս,
հոգուն հաջորդող որջ ենթադրյալը…
(Քաոտիկ նևրոզ`
պոետիկ ախտանիշով) :
Ճգնաժամի պայմաններում
դեպրեսիայից էլ կարելի է պոեզիա քամել…
Ու առհասարակ` ամենից ու ամենքից,
ձեռքիդ տակ ընկած ցանկացած գոյից,
որ սովածի բնազդը չտանի ինքնակերության,
որ չքամվի մարմինդ,
հոգիդ,
հոգուն հաջորդող ողջ ենթադրյալը…

Տարածաչափության ամենաբարձր կետում
ես ու պոեզիան որոշում ենք ինքնասպան լինել.
հեռու տանող ամենակարճ ճանապարհը`
փափուկ ու ազատ, ուր պոեզի’ա,
ես կկորցնեմ ինձ ու կգտնեմ քեզ իմ մեջ,
դու կկորցնես քեզ ու կգտնես քեզ իմ մեջ…

Կարճ ասած.
Ես ու պոեզիան կկանգնենք այնքան,
մինչև կմնա միայն պոեզիան: