среда, 22 октября 2008 г.

***
Ինչ-որ մեկը հետանձրևային սուլոցով
անցավ աշնան միջով ու… մրսեց:
Թշվառ էր,
խոցելի,
անթրաշ
ու անխուսափելիորեն` հայ:

Իր ժամանակավոր հողաթմբում մենակ էր`
արքայից արքային վայել թիթիզությամբ,
խղճից թույլ բռնակալ,
հետմահու ստրուկ:
(Քիթը տիպիկ դիկտատորական էր:)

Ու թեև ֆրոյդիզմից գլուխ չէր հանում,
բայց հասկանում էր, որ այստեղ մի բան կա:
Զգա՞ց:

Մկրտությամբ` քրիստոնյա,
սաղմնային բուդդիստ,
անիգտակցաբար` ցեղակրոն,
էությամբ` գինեգործ:
(Աստծո կենացին արդեն քնած էր լինում...
Ականջդ կանչի, Մորփեոս...)
Զգա՞ց:

Ո’չ ազոխի համից,
ո’չ էլ գլյուկոզայի գերհագեցումից
չէին բարձրանում սեզոնի սրտաճմլիկությունը,
ճմլիկությունը,
ամլիկությունը, …

………………………………………
4 տարեկան մի աղջիկ
քստքստոցով ավլեց աշունը
ու առաջին անգամ տեսավ մերկ ծառ.
ամոթից շիկնեց,
աղջկական ձևեր,
դե, գիտեք…
Ծառը կուչ եկավ,
իբր միամիտ ստացվեց…
Հայ էր…
Զգա՞ց:

вторник, 21 октября 2008 г.

***
Հոգին անժամանակ խռովեց մարմնից,
մարմինը հիշաչար էր,
չար էր,
բայց քնկոտ,
իմը չէր,
քոնը չէր.
մարմին էր էլի...
Խնձոր-մնձորով կաշառեցինք ու...

Իսկ մինչ այդ մենք քնեցրել էինք ասֆալտի աստծուն`
ամենակենցաղային հեքիաթներով,
հետո ցավակցական sms ուղարկել ասֆալտապաշտներին,
դուռը ներսից փակել տերերի ու հնազանդների վրա …
Ասֆալտից վեր (առնվազն ասֆալտից վեր)
առանց կարգավիճակի թափառելն էլ մի բան չի:
(Մասնավոր երկինքներում սնվել չեմ սիրում`
հոգեմարսողական համակարգս հարգելով):

Մաշկիդ տակ ներաճած դրախտը հնձեցիր.
գարնան հույս կա՞…
( Է’շ, մի’ սատկիր, գարուն կգա):

Դու մի ասա`
լավատեսությունը կրծած ոսկոր է,
սերը` հարևանի երկար-բարակ լվացքը բարուրաշորերի,
պարտքը` տարրական ֆունկցիաների անընդհատություն,
հավատն էլ` յոթը պորտով ժառանգվող հիվանդություն:

(Վայ, պարզվեց աչքերիդ գույնը բեկանման ենթակա չէ):

Հե~յ, հերիք է խաղաս հարևանիս գեների հետ,
փախցնես քունս,
իրար հանգուցես ու խճճես սրա-նրա հոգեթելերը.
խելոք մնա, թե չէ… կմեծանամ:

Ես նստում եմ երթուղային տաքսի
,ու միակության գաղափարը
զբաղեցնում է բոլոր ազատ նստատեղերը:
Իսկ այս թերխաշ խառնածփոթից դուրս`
մի այլ խառնաշփոթում շոգեխաշվող մարմինդ
դեռ գլխի չի ընկել,
որ հոգեթելերի միջոցով դու միշտ հասանելի ես`
ուզած, թե չուզած…
***
1 ոչխար,
2 ոչխար,
3 ոչխար,…
4 սենյականոց նարնջագույն բնակարան`
ստալինյան նախագծով 5 հարկանի շենքում մոլորված:
Աքլորականչով չարթնանալուն վարժված տուֆ,
ու քնաբեր լեգենդներին հավատացող մահճակալ...
18, 36, 60,…

Այրվող տուն,
շուն ու մարդ:
Շունը պատուհանից ցած նետվեց` իր կյանքը փրկելու,
մարդը ցած նայեց, չնետվեց` իր կյանքը փրկելով.
ես ծիծաղում եմ մարդու վրա:
Այրված տանն արածող հոտ…

(Պատից այն կողմ հարևանի կենդանական բնազներն են...
Բամբակե բարձ,բարձի մեջ…):

Գլոբալիզացիան մեր կողմերն էլ հասավ.
հայկական քթերի տակ տեղավորված հոլիվուդյան ժպիտներ,
ու ընդգծված կովկասյան քայլվածքով
քթի վիրահատության գնացող քաղաք:
Այս ամենի վրա ինչ-որ մեկն ասիացու պես հռհռաց,
աչքով արի նրան…

Հովիվն իր հոտը քշեց դեպի Սպիտակ տուն…Էլիտար խոտ…
Հնգօրյա պատերազմ…Տրորված խոտ…
(Խոտի որակից արածողի արածող լինելու հանգամանքը չի փոփոխվում:)

Ոչխարներն ինքնավար են:

357, 191, 799,…
Ներսից պայթող անքնությունը` ծխախոտը բերանին
անհանգիստ քայլում էր `
ջղաձգվելով շենքի միատոն խռռոցից,
որ այնքան անթերի էր ու տաղտկալի…
1620, 810, կեսը փախավ…

Առաջին հեծանվի հետագիծ`փողոցի ողնաշարին,
ու մութնուլույսին խաչմերուկի կենտրոնում պառկած ոչխար…

Հիմա տատս կվառի լույսը
ու ես բերման կենթարկվեմ իր բրդե վերմակները բզկտելիս…
-Տա’տ, ոչխարները վերջացան:
Սովորույթի մնայնությունը
կապված է նրա անհեթհեթության հետ:
Պրուար

Մենակությունը հազում է,
ես խփում եմ մեջքին` երեք անգամ…
…Դու երևի այդպես էլ չհասցնես սիրել բոլորին`
չաղ ու նիհարներին,
սևուկներին,
սպիտակներին,
ինչպես այն հիմարը,
ով փորձում էր վարակվել բոլոր հիվանդություններով`
աշխարհում միակն ու անկրկնելին լինելու համար
և կորավ հոգեբուժարանում`ժանտախտից փախչելիս…
Հենց պարապ լինես` ապրիր…
Հենց վերջացնես` զանգիր…
Ես առաջինն եմ անցնում փողոցը սև կատվից հետո
ու ողջ ճանապարհին դողում սնահավատությունից:
Ես կռճտացնում եմ ատամներս սպիտակ կատուների վրա…
Մի բաժակ տաք շոկոլադ էլ դատարկվեց…
Ու վնգստում է մենակությունը գրպանումս`
մեքենայի տակ ընկած շան պես:
Նրանց սովորաբար գնդակահարում են…գիշերը…
Սովորական գիշերային կրակոցներ:
Քնահարամ հոգեբուժարանի պահակ:
Խրախճանք առանց հաչոցի:
Քեզ սիրելը կամաց-կամաց դառնում է սովորույթ…
կամ սնահավատություն…
…Ապրիր արա’գ…ժամանակ չկա…
…Սպասում եմ զանգիդ…
***
Ուսապարկում տեղավորեցին
ձմերուկ,
լիալուսին,
խոսելաժամանակ… ու... թռան…

Առաջին պսիխոսոմատիկ կանգառում նա փնթփնթաց,
որ փխրունությունը խանգարում է խխունջներին…
Բայց շնչահեղձությունից հետո միասին հասկացանք,
թե որքան ենք սիրում կանաչը…

…Ու մինչ ներքևում քաղաքի փորը գռմռում էր սովից,
ես և նա թռչնաձկան ապուր էինք պատրաստում`
CNN նայող հայրիկից կես հավերժություն
և երեք մետր հեռավորության վրա…

... Կարմիր…
Շփոթեցնող կարմիր…
Անդառնալի կարմիր...

Վերանայեցի էտալոնային խումբս.
ճայեր,
նորից ճայեր…
Ատում եմ սողացողներին,
ժպտում` քայլողներին,
սիրում` Թռչողներին…
(Նրանցից մեկը շան հոտառություն ուներ. գլխի ընկավ ու …):

Սանկցիա թիվ 1- Անկեղծություն:
Սանկցիա թիվ 2- Վստահել զ’միմյանս:

Երկրորդ կանգառում նա մտածեց.
“Մոլորակի վերարտադրողականության ֆունկցիան
պետք է խախտել… Եղածն էլ շատ է, գլուխ չենք հանում”:

Գլխապտույտ,
ինքնադիտում,
գերզգայունակություն,
բյուրեղացում…
Կոտրվելու վտանգ …Չկոտրվեց…

… Սպիտակ… Աչք ծակող… Փշաքաղված…

Բայց անխուսափելիորեն` լավ խոհարար ես.
գիրացա, լռեցի, պառկեցի… փորիկի վրա…
-------------------------------------------

Փաստաթղթակերությունից,
գործավարուհու լավ վարձատրվող ժպիտից
ու սառը սուրճից հետո
կեսգիշերային թաքուն նախաճաշն ամպերից վեր`
ճոխություն էր քեզ համար,
որից պետք է որ քունդ փախչեր,
բայց դու այնքան ծեր ես,
որ էլի կքնես սովորականի պես` մեջքի վրա… ու կխռմփացնես:
... Չբացվես, անցյալ գիշեր մրսել ես:

Չէ, ավելի հարմար տարբերակ չեմ գտնում.
Կանաչ:
Շարունակելի կանաչ:
Ավելի կանաչ:
***
Իսկ հետո կմնանք երեքով`
ես, ես, պատը:

…Գույներից,
դեմքերից,
ակնոցներից,
կետերից ու ստորակետերից հետո
ձայնս կկախվի առաստաղից…
Իսկ իրականում առաստաղ չկա,
չկա ձայն, ու չկան պարաններ:
ՈՒ անհետևանք ապագայի կողքին
միոտանի ճակատագիրն է:

Շրջանակված դատարկություն,
մի կոտրված դուռ,
կիսակառույց անցյալ,
որը չի վաճառվում:
Պատից այն կողմ վարձով են տրվում
բոլոր աչքերը,
մտքերը,
հուշերը,
ժամկետն անց իրականությունը,
լռությունը…

Իսկ հետո ծիծաղում ենք
ես, պատը, և այն մյուս` կիսահանգուցյալ ես-ը:
Քայլում ենք ես ու պատը,
և առաջվա նման առաստաղ չկա,
չկան պարաններ…

Պատից այն կողմ ոչինչ չեմ տասնում:
Պատ չկա:
Ես քայլում եմ:
***
Արտիստին...

…Չորս կողմը կանաչ էր,
վերջը չէր երևում,
հետևաբար` կար…
Հավատում էի…

Միտքը պահմտոցի էր խաղում մարմնի հետ,
էությունն արևածաղիկ էր չրթում…
Մենք ամեն առավոտ գնում էինք փնտրելու…
(Հարթաթաթ էի, շուտ էի հոգնում: )

…Ու քանի դեռ լեզուն էր աղոթում,
պատշգամբում հոգին ծխում էր էկզիստենցիայի մնացորդները:
…Քանի դեռ կար ապաշխարանքի խորհուրդը,
մարմինները շարունակում էին
ստել,
սպանել,
գողանալ,
շնանալ…

Ասում են` չորս կողմը կանաչ էր…

…Ու չկար ավելի շոշափելի պատկեր,
քան մոմի ներկայությունը վառվելուց հետո,
քան մեղքի թռիչքը փակ սենյակում…

Ադամական մեղք կրողները շատանում էին ժամ առ ժամ,
ու ծննդատան պատերի տակ օձեր էին սատկում…
Օձեր վարժեցնող ծաղրածու,ով արդեն հայր էր…

Ես կրծոտած խնձորներ էի ընծայում շինածս կուռքերին
ու բարձրաձայն ծիծաղում
լիակատար երջանկության հասնելուց առաջ:

…Ես քարշ չէի տալիս գոյությունս…
…Գոյությունն էր տանում ինձ…
Չորս կողմը կանաչ էր…
Հավատում էի…