среда, 2 февраля 2011 г.

ՈւՐԻՇ ԲԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Տատս ասաց.
-Հայրենիքի մասին մի բան կարդա:
Ասացի.
-Չունեմ:
-Սիրո մասին գործդ կարդա:
-Տատ... չկա...
-Աշնան մասին... Տերյանի պես...
-Դե... Չեմ գրել...
-Բա ի՞նչ ես գրել:

-Ո՞նց ասեմ, տատ,
հիմա լինել-չլինել չկա,
աստված-չաստված չկա,
աշխարհում լիքը ուրի'շ մարդ կա,
գլոբալիզացիա,
հազար ու մի ֆեդերացիա,
Մինսկի խումբ կա,
վրաց-օսական պատերազմ
ու բալկանյան խժբժոց կա,
Տիբեթի ինքնորոշում կա,

ջհուդամասոնական դավադրություն,
ու հոմոֆոբիայի դեմ պայքար կա:
Ամերիկայում սև նախագահ կա
-Յի~ա...
-Բա~... Դիսկրիմինացիա չկա:
Մոդեռն, պոստմոդեռն կա
ու դրա վրա խախտվածներ կան...
Ճգնաժամ կա:
-Էդ հա էլ կա…
Թրաֆիկինգ կա,
պեդոֆիլիա,
տեռոր-մեռոր,
շահիդ-մահիդ,
ֆուն-դա-մեն-տա-լիզմ ու
ուզածիդ չափ –իզմ կա:

(Տատս քաշեց վարագույրը
ու ասաց, որ լիքը ճանճ կա):

-Տատ, վախտը չի,
լիքը հարց կա...
Ու հայ դատ կա:
-Էդ հլը՞ կա:
-Սահման-մահման...
-Վա~յ, այ բալա...
Ֆուտբոլային դիվանագիտություն կա:
-Էդ ո՞րն ա:
-ԻՆՔԸ կիմանա:
Ղարաբաղ կա, տատ,
ուր 14 հոգանոց ընտանիք կա:
-Պատերազմը պրծե՞լ ա:
-Չէ, զինվորների պակաս կա:
Ազատ, թափանցիկ ընտրություններ կա:
-Էդ որտե՞ղ, բալա:
Բաց պորտերի դեմ պայքար կա,
ռուսական բազաներ կան,
օտարալեզու դպրոցներ… դեռ չկան…

Ծառ են կտրում,
ուղեղներին ասֆալտ փռում,
հարթ ու անծալք, սիրուն հղկում:
Մուրացկան կռվացնողներ
ու ազգի կենացը խմողներ կան:
Ու ազգային ինքնության նահատակներ կան…
Հա, նահատակներ հլը կան…
-Ախր մեր վախտ…
-Տա, երրորդ ինտերնացիոնալ չկա,
ու աշխարհի պրոլետարներին միացնող չկա…
Եղբայրական ժողովուրդներ չկան,
Բայց ախպեր-դիկտատորներ կան…

-Էլ բան չկա՞:

-Կարծեմ մեկ էլ
անձրևի տակ քայլողներ կան,
մոլորակին ձեռնոց նետող
ու շատ գաղտնի հաղթողներ կան…
Մոռացել էի, տատ…
-Դե գրի, Տաթ…

Օ՜, ԻՄ ՊՈԶԱՎՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Քերթող լինելդ կաշիս քերթելու իրավունք չի տալիս:

2010-ի նոյեմբերին ցուրտ էր ու մենակ,
և ես դողում էի սիրելու... թուււււ... գրելու ցանկությունից:

Իմ մասնավոր բարոյականությամբ
մտքով տեղափոխվեցի կանանց գաղութ, երբ հասկացա,
որ սերերիս թիվն ուղիղ համեմատական է գրածներիս:

/Հետո՞ ինչ, որ Աստված մոռացավ ասել.
-Մուսաներ մի' շինիր քեզ համար:
-Եթե շինել ես, տիրությու'ն արա:
-Սիրում ես, սիրի':
-Գրում ես, գրի':

Աստված էլ է անկատար.
չի հասցրել,
չի նկատել,
չի ենթադրել...

Ու ես` ճշմարիտ քրիստոնյաս,
խոնարհաբար խմբագրում եմ պատվիրաններդ,
ու անգիր արած սցենարով
ամեն մեղքից հետո
իմ ոտքով գնում պատիժս կրելու/:

Հ.Գ.
Պոեզիայի աստվածը մարդկային զոհեր է պահանջում.
երես մի' տուր:
Պոեզիայի աստվածը շոյում է գլուխդ, երբ կուշտ է
ու քացով ուղարկում որսի` երբ սոված:
Տաթ, զգույշ եղիր.
հերթի վերջում դու ես կանգնած...

Գրելու կենսաբանական պահանջ

***

Պոեզիայի ամեն չստացված ակտ
ինքնակերության միտում ունի,
երբ չգրված տողից հետո
անուժ կանգնում ես բառերի առաջ
ու փորձում թաքցնել ցնցումը մարմնիդ...

Երբ երկու ձեռքով չի ծածկվում մերկությունդ...
Երբ ջրով լցված փուչիկի պես ծանր ես թռչում...
Երբ ազատագրվել ես ուզում քեզանից..

Ինչ լիքն է աշխարհը գրելուց առաջ,
ինչ քաղցր է բռնաբարվող բառը դիմադրում,
ինչ տաք է ամենը պոեզիայի կեսին...
Ինչ դատարկ է աշխարհը հեշտանքից հետո...

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ!

Նստած ենք ես, ծովը, նա:
Ներիր,
ես չգիտեմ այլ պոեզիա…

Անպատեհ պահերին, երբ գլուխդ կախ ապրում ես քո փայ ժամերը, գալիս են թզուկ-մուսաներ ու համոզում մրոտել թանկաներ` ապրված օրերի…

Ես նման եմ երեխայի,
ում տվել են սիրելի բանը, որ ձայնը կտրի.
Ես սուսուփուս սիրում եմ քեզ:

Անպատեհ պահերին, ես քչփորում եմ խոհանոցը ու գտնում նվիրածդ չինական բաժակը թեյի... Քիթ իմ հոտապաշտ, երջանիկ եղիր:

Սերը` ծաղկած բալենի գարնանը:
Սերը` տաք թեյ ձմռանը:
Սերը` անվերջ կլորացող լուսին:
Սերը` իրար գրկած, սարի ուսին...

Անպատեհ պահերին հանգցրու ծխախոտը վերջին և պատվիրիր տոմս Տիբեթի` անհայտ ուղղություն պարապ քայլերի...

Մոռացված վերարկու,
մոռացված գործեր,
մոռացված ձմեռ.
Մենք!

Անպատեհ պահերին հայտարարիր, որ աշխարհի հետ համընկնումներդ պատահական են ու պատասխանատու չես աչքունքիդ համար. անաչք, անականջ, անգլուխ թռչիր...

Սերը թռչում է սպիտակ թևերով.
ճեփ-ճերմակ երկինք
ու մի քնքուշ հով...

Անպատեհ պահերին կազմակերպում եմ “աքսոր Տաթևի” ու դուրս քշում գոյությունս ուղեկցությամբ գեյշաների…

Մոռացիր ինձ ծովի ափին.
ես հետ կգամ առաջին ձյան հետ,
կամ էլ անձրևի…

воскресенье, 25 июля 2010 г.

***
Մարդկանց քրտինքը, թուքն ու մնացյալ ենթադրելին
օր-օրի բարձրանում են,
լցվում մոլորակի ճեղքերը,
բոլոր ծակուծուկերը,
հասնում մարդաբոյ,
երկնքի բոյին,
Նրա բոյին,
ու մի քանի մետր էլ էն կողմ…

Ու էս օրերին դու` ամենայն լկտիությամբ
մոլորակի 0, 024 կմ2-ն ապօրինաբար յուրացրած պատահական երկոտանի,
քո փայ երանության մեջ ծխում ես Cohiba Behike-դ
ու հեչ վեճդ էլ չէ,
որ կարող է պատահի`
Աստված երկրաչափություն չիմանա,
ֆիզիկա չիմանա,
ձեռքի շնորք չունենա,
վերջին հաշվով` լողալ չիմանա
ու մեկ էլ... ըհը~… ջրհեղեղին...
/թու-թու-թու… Ականջը չըկնի, չիմանա…/:

Տե’ր, ոնց եմ քեզ հասկանում…
Մենակ նստել ես երկնքի շեմին, կախել ոտքերդ,
ու ներբաններով զգում ես գարշահոտ խոնավությունը
բարձրացող հեղուկի…
/Հիշում ես` ի~նչ հումանիստական անդորր էր ամենուր էն ջրհեղեղի նախօրդ օրը...
«Բա սե ՞նց են ջրհեղեղ կազմակերպում»
/տմբտմբացնում է գլուխն ու վառում ծխամորճը//:

Ծերանոց` անւանեալ “Երկինք”,
դու` մարդկանցից լքված
մոռացված ու մենակ,
կեռ ու կնճռոտ,
տխուր, անթրաշ,
սև հաց ու սև թեյ փոշոտ սեղանիդ,
էլ չասեմ, որ գիշերները թաքուն Նիցշե ես կարդում
ու ավելի թաքուն` հիանում…
ի ՞նչ էիր, ի ՞նչ դարձար…

Մահակը ձեռքիդ չէ,
ուրեմն` գլխիդ է,
մինչև վերջ մի տուր,
որ դուռդ թակեն,
ոտքերդ ընկնեն,
խնդրեն, աղաչեն...
Վախենալու չես`
պիտի ծաղրվես,
հոգնեն ծաղրելուց` պիտի անտեսվես
ու... վազքով ժամանակի հեռուները,
ուր հակառակ ուղղությամբ անխռով քայլում է
ժամանակագրության ուրվականը...

Տե'ր, հիմա երկոտանիներն ակնհայտորեն լավ գիտեն
ֆիզիկա ու էս անգամ էլ ծլկելու համար անհրաժեշտ ամեն ինչ...

Վե'ր կաց,
հանգցրու ծխմորճդ ու գնա գլխիդ ճարը տեսնելու...
Հավերժ գնացող բաներին պետք է միայն լուռ ժպիտով ուղեկցել:
հատված մահախոսական sms-ից


***
Ունեցածս մի մոլորակատիպ ավան է,
էն էլ վարկով, էստեղից- էնտեղից, ճարելով, փակվելով…

Իմ խեղճ ու անտեր մոլորակ,
իմ սոված,
ծարավ,
անկապ մոլորակ,
իմ մերկ ու հոգնած
ճանգռված,
պայթած,
քրտնած մոլորակ,
սատկած մոլորակ,
հալ ու մաշ,
ծեծված,
ծամված մոլորակ,
մարդաբոյ,
կեղտոտ,
խոնավ ու խավար,
տոթ ու գարշահոտ,
մկներ,
կատուներ,
ճանճեր,
կարիճներ,
զառանցող,
գունատ,
անարյուն,
անքուն,
ներվային մոլորակ
հիվանդ մոլորակ...

Մեծամասշտաբ լվացում,
համընդհանուր շաբաթօրյակ,
սանիտարահիգիենիկ աշխատանքներ,
ազատ տեղ,
ազատ օդ,
ազատ մարմին…

Լրիվ պատահական երկինքներից թափվածներ,
լրիվ պատահական հեռուներից եկածներ,
հավաքեք փասա-փուսաներ,
գլուխներ,
ոտքեր,
հատկապես թևեր…

Հա, մոլորակիս դեմոգրաֆիկ պատկերը փոխում եմ…
Էսօր գաղթ է,
Էսօր սպանդ է
էսօր տոն է, հա…
Բռնի միգրացիա,
ստերիլիզացի,
դիվերսիա,
պրովոկացիա,
ես հարբած եմ,
ես պարում եմ,
ռումբեր,
ռումբեր,
գլուխներ,
ոտքեր,
թևեր…
Դե,
յալլա,
haydi,
geberesi,
kara toprağa giresi,
teneşire gelesi,
adı batası,
ocakları batası,
kör olası…

Իմ անդեմ մոլորակ,
իմ դատարկ մոլորակ,
լուռ ու գլխիկոր…
Հուուու…
ազատ մոլորակ,
մաքուր մոլորակ…

Հ.Գ. Հենց որ դու արթնանաս, լվացվես ու կարգի բերես քեզ,
տեղն ու տեղը պիտի կարգի բերես նաև քո մոլորակը:
“Փոքրիկ Իշխանը”
Ստվերների ժամ:
Ժամ մենակության:
Ժամ, երբ կոնյակը հատկապես համեղ է թվում:
Է. Մ. Ռեմարկ

***
Ծեսն էդպես է.
պետք է սովորականից երկար քնել
ու արթնանալ ծուլորեն, ճմրթված,
արթնանալ դանդաղ`
չծրագրված օրվա տեսլականով,
ոչ մի տեղ չշտապելով,
հիշելով, որ արևելքցի ես և ունես ժամանակ,
ուղիղ գծի պես ձգվող,
անվերջի ձգտող ժամանակ,
ու մի պահ անկեղծորեն դատարկ լինել`
անվերջի ձգտող թեթևությամբ...
Եվ պետք է Շուբերտի «Աղջիկն ու մահը» լսել
և ուղղագիծ քայլքի մեջ նախկին սերերիդ
/հատկապես երեսունն անց սերերիդ/ ցուցակը
ձգել ծխախոտի երկարությամբ...

Ձևն էդպես է,
որովհետև աշուն է,
միջին վիճակագրական աշուն
սովորական հնագետի,
սովորական պոետի,
ու ավելի սովորական աղջկա համար:

Ու ծեսը պիտի շարունակվի Սիրահարների այգում`
ուր ինձ կբռնեցնեմ մելանխոլիայի լեղու մեջ կորած,
ու մոխրագույն շարֆով կփաթաթվեմ,
ու միապաղաղ քայլերով կանցնեմ ԱԺ-ի կողքով`
խիստ աշնանային անտարբերությամբ,
կհասնեմ ՀԳՄ,
կբարձրանամ երկրորդ հարկ, ուր
Հովհ. Գրիգորյանը կասի.
- Ո՞նց ես, նախշուն ջան:
Նախշունն էլ թույլ սուրճ կեփի,
ու Օպերայի շրջակայքում աշունն ավելի կխորանա...

Ես Սարյանի մոտով կանցնեմ գլխիկոր,
երկար-երկար մազերով թափված տերևները խառնելով
ու Կետիկնոցում հաստատ ինչ-որ մեկը կլինի,
ում ձեռքով կանեմ,
կժպտամ աշնանային անհեթեթությամբ
և ցուրտ օրերի կարեկցանքով,
որովհետև ինքն էլ հաստատ պոետ կլինի...

Ու ըստ ծիսակարգի`
հետո պիտի երեկո լինի,
քամի-մամի,
բոհեմ-մոհեմ,
սիլի-բիլի...
/Չէ, նոյեմբեր է,
Էլ փախչել չի լինի.../

Ու կեսգիշերին Դալիի պատկերների պես ծորուն
ստվերները կսահեն դեպի համակերպում,
և ես կմտածեմ, որ սրանից ավելի փոքր քաղաքներ էլ են լինում,
ուր աշնանը նեղվածք է լինում
ու... ծեսն էդպես է.
ավելի անպաշտպան են լինում պոետները
փոքր քաղաքի աշուններում...