среда, 2 февраля 2011 г.

ՈւՐԻՇ ԲԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Տատս ասաց.
-Հայրենիքի մասին մի բան կարդա:
Ասացի.
-Չունեմ:
-Սիրո մասին գործդ կարդա:
-Տատ... չկա...
-Աշնան մասին... Տերյանի պես...
-Դե... Չեմ գրել...
-Բա ի՞նչ ես գրել:

-Ո՞նց ասեմ, տատ,
հիմա լինել-չլինել չկա,
աստված-չաստված չկա,
աշխարհում լիքը ուրի'շ մարդ կա,
գլոբալիզացիա,
հազար ու մի ֆեդերացիա,
Մինսկի խումբ կա,
վրաց-օսական պատերազմ
ու բալկանյան խժբժոց կա,
Տիբեթի ինքնորոշում կա,

ջհուդամասոնական դավադրություն,
ու հոմոֆոբիայի դեմ պայքար կա:
Ամերիկայում սև նախագահ կա
-Յի~ա...
-Բա~... Դիսկրիմինացիա չկա:
Մոդեռն, պոստմոդեռն կա
ու դրա վրա խախտվածներ կան...
Ճգնաժամ կա:
-Էդ հա էլ կա…
Թրաֆիկինգ կա,
պեդոֆիլիա,
տեռոր-մեռոր,
շահիդ-մահիդ,
ֆուն-դա-մեն-տա-լիզմ ու
ուզածիդ չափ –իզմ կա:

(Տատս քաշեց վարագույրը
ու ասաց, որ լիքը ճանճ կա):

-Տատ, վախտը չի,
լիքը հարց կա...
Ու հայ դատ կա:
-Էդ հլը՞ կա:
-Սահման-մահման...
-Վա~յ, այ բալա...
Ֆուտբոլային դիվանագիտություն կա:
-Էդ ո՞րն ա:
-ԻՆՔԸ կիմանա:
Ղարաբաղ կա, տատ,
ուր 14 հոգանոց ընտանիք կա:
-Պատերազմը պրծե՞լ ա:
-Չէ, զինվորների պակաս կա:
Ազատ, թափանցիկ ընտրություններ կա:
-Էդ որտե՞ղ, բալա:
Բաց պորտերի դեմ պայքար կա,
ռուսական բազաներ կան,
օտարալեզու դպրոցներ… դեռ չկան…

Ծառ են կտրում,
ուղեղներին ասֆալտ փռում,
հարթ ու անծալք, սիրուն հղկում:
Մուրացկան կռվացնողներ
ու ազգի կենացը խմողներ կան:
Ու ազգային ինքնության նահատակներ կան…
Հա, նահատակներ հլը կան…
-Ախր մեր վախտ…
-Տա, երրորդ ինտերնացիոնալ չկա,
ու աշխարհի պրոլետարներին միացնող չկա…
Եղբայրական ժողովուրդներ չկան,
Բայց ախպեր-դիկտատորներ կան…

-Էլ բան չկա՞:

-Կարծեմ մեկ էլ
անձրևի տակ քայլողներ կան,
մոլորակին ձեռնոց նետող
ու շատ գաղտնի հաղթողներ կան…
Մոռացել էի, տատ…
-Դե գրի, Տաթ…

Օ՜, ԻՄ ՊՈԶԱՎՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Քերթող լինելդ կաշիս քերթելու իրավունք չի տալիս:

2010-ի նոյեմբերին ցուրտ էր ու մենակ,
և ես դողում էի սիրելու... թուււււ... գրելու ցանկությունից:

Իմ մասնավոր բարոյականությամբ
մտքով տեղափոխվեցի կանանց գաղութ, երբ հասկացա,
որ սերերիս թիվն ուղիղ համեմատական է գրածներիս:

/Հետո՞ ինչ, որ Աստված մոռացավ ասել.
-Մուսաներ մի' շինիր քեզ համար:
-Եթե շինել ես, տիրությու'ն արա:
-Սիրում ես, սիրի':
-Գրում ես, գրի':

Աստված էլ է անկատար.
չի հասցրել,
չի նկատել,
չի ենթադրել...

Ու ես` ճշմարիտ քրիստոնյաս,
խոնարհաբար խմբագրում եմ պատվիրաններդ,
ու անգիր արած սցենարով
ամեն մեղքից հետո
իմ ոտքով գնում պատիժս կրելու/:

Հ.Գ.
Պոեզիայի աստվածը մարդկային զոհեր է պահանջում.
երես մի' տուր:
Պոեզիայի աստվածը շոյում է գլուխդ, երբ կուշտ է
ու քացով ուղարկում որսի` երբ սոված:
Տաթ, զգույշ եղիր.
հերթի վերջում դու ես կանգնած...

Գրելու կենսաբանական պահանջ

***

Պոեզիայի ամեն չստացված ակտ
ինքնակերության միտում ունի,
երբ չգրված տողից հետո
անուժ կանգնում ես բառերի առաջ
ու փորձում թաքցնել ցնցումը մարմնիդ...

Երբ երկու ձեռքով չի ծածկվում մերկությունդ...
Երբ ջրով լցված փուչիկի պես ծանր ես թռչում...
Երբ ազատագրվել ես ուզում քեզանից..

Ինչ լիքն է աշխարհը գրելուց առաջ,
ինչ քաղցր է բռնաբարվող բառը դիմադրում,
ինչ տաք է ամենը պոեզիայի կեսին...
Ինչ դատարկ է աշխարհը հեշտանքից հետո...

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ!

Նստած ենք ես, ծովը, նա:
Ներիր,
ես չգիտեմ այլ պոեզիա…

Անպատեհ պահերին, երբ գլուխդ կախ ապրում ես քո փայ ժամերը, գալիս են թզուկ-մուսաներ ու համոզում մրոտել թանկաներ` ապրված օրերի…

Ես նման եմ երեխայի,
ում տվել են սիրելի բանը, որ ձայնը կտրի.
Ես սուսուփուս սիրում եմ քեզ:

Անպատեհ պահերին, ես քչփորում եմ խոհանոցը ու գտնում նվիրածդ չինական բաժակը թեյի... Քիթ իմ հոտապաշտ, երջանիկ եղիր:

Սերը` ծաղկած բալենի գարնանը:
Սերը` տաք թեյ ձմռանը:
Սերը` անվերջ կլորացող լուսին:
Սերը` իրար գրկած, սարի ուսին...

Անպատեհ պահերին հանգցրու ծխախոտը վերջին և պատվիրիր տոմս Տիբեթի` անհայտ ուղղություն պարապ քայլերի...

Մոռացված վերարկու,
մոռացված գործեր,
մոռացված ձմեռ.
Մենք!

Անպատեհ պահերին հայտարարիր, որ աշխարհի հետ համընկնումներդ պատահական են ու պատասխանատու չես աչքունքիդ համար. անաչք, անականջ, անգլուխ թռչիր...

Սերը թռչում է սպիտակ թևերով.
ճեփ-ճերմակ երկինք
ու մի քնքուշ հով...

Անպատեհ պահերին կազմակերպում եմ “աքսոր Տաթևի” ու դուրս քշում գոյությունս ուղեկցությամբ գեյշաների…

Մոռացիր ինձ ծովի ափին.
ես հետ կգամ առաջին ձյան հետ,
կամ էլ անձրևի…