***
1 ոչխար,
2 ոչխար,
3 ոչխար,…
4 սենյականոց նարնջագույն բնակարան`
ստալինյան նախագծով 5 հարկանի շենքում մոլորված:
Աքլորականչով չարթնանալուն վարժված տուֆ,
ու քնաբեր լեգենդներին հավատացող մահճակալ...
18, 36, 60,…
Այրվող տուն,
շուն ու մարդ:
Շունը պատուհանից ցած նետվեց` իր կյանքը փրկելու,
մարդը ցած նայեց, չնետվեց` իր կյանքը փրկելով.
ես ծիծաղում եմ մարդու վրա:
Այրված տանն արածող հոտ…
(Պատից այն կողմ հարևանի կենդանական բնազներն են...
Բամբակե բարձ,բարձի մեջ…):
Գլոբալիզացիան մեր կողմերն էլ հասավ.
հայկական քթերի տակ տեղավորված հոլիվուդյան ժպիտներ,
ու ընդգծված կովկասյան քայլվածքով
քթի վիրահատության գնացող քաղաք:
Այս ամենի վրա ինչ-որ մեկն ասիացու պես հռհռաց,
աչքով արի նրան…
Հովիվն իր հոտը քշեց դեպի Սպիտակ տուն…Էլիտար խոտ…
Հնգօրյա պատերազմ…Տրորված խոտ…
(Խոտի որակից արածողի արածող լինելու հանգամանքը չի փոփոխվում:)
Ոչխարներն ինքնավար են:
357, 191, 799,…
Ներսից պայթող անքնությունը` ծխախոտը բերանին
անհանգիստ քայլում էր `
ջղաձգվելով շենքի միատոն խռռոցից,
որ այնքան անթերի էր ու տաղտկալի…
1620, 810, կեսը փախավ…
Առաջին հեծանվի հետագիծ`փողոցի ողնաշարին,
ու մութնուլույսին խաչմերուկի կենտրոնում պառկած ոչխար…
Հիմա տատս կվառի լույսը
ու ես բերման կենթարկվեմ իր բրդե վերմակները բզկտելիս…
-Տա’տ, ոչխարները վերջացան:
Комментариев нет:
Отправить комментарий